ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ): Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի համաձայն` նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: