ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միսս Բելառուս-2018»-ի տիտղոսակիր Մարիա Վասիլևիչին խորհուրդ է տվել աշխատել կոլխոզում։ Sputnik Բելառուսը հայտնում է, որ Լուկաշենկոն այս մասին խոսել է Մոգիլյովի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ։
«Մաշենկա, մոտ արի, աղջիկս։ Արի, նստիր։ Տեսնենք` ինչպես կնայվես «Կուպալովսկոյեում» (կոլխոզի անվանում- խմբ.)։ Կգնաս «Կուպալովսկոյե»։ Հաշվիչով կհաշվես։ Թե՞ ձեզ այդպիսի բաներ չեն սովորեցրել», — հետաքրքրվել է Լուկաշենկոն։
Վասիլևիչն ասել է, որ պատրաստ է մոդելային եռամյա պայմանագրի ավարտից հետո կոլխոզ մեկնել, եթե, իհարկե, Լուկաշենկոն չի կատակում։ Նա նաև նշել է, որ Մոգիլյովի մարզում գիտակցել է` ինչ դժվար է գյուղատնտեսների աշխատանքը։
Մարիա Վասիլևիչն ավարտել է Բելառուսի պետական տնտեսական համալսարանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի է իր ինքնատիպ պահվածքով ու հայտարարություններով։ Մի անգամ նա զուգերգով հանդես է եկել Տաիսիա Պովալիի հետ։
Բելառուսցի հաքերների խարդախությունների մասին նյութը դիտելուց հետո էլ ասել է, որ հպարտանում է նրանցով։