ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. «Մոսկվա» կինոթատրոնի բակում, Շառլ Ազնավուրի հրապարակում այսօր ևս 3 պատվո աստղ ավելացավ։ Հայ կինոյի 3 վաստակավորների անունը կրող պատվո աստղերն այլևս կուղեկցեն Երևանի կենտրոն եկածներին։
Հայկական կինոյի մեծանուն կինոռեժիսորներ Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի և Արա Վահունու 80-ամյա հոբելյանների կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվեցին նրանց պատվո աստղերը։
Միջոցառման հանդիսավոր Արթուր Բախտամյանը նշեց, որ չնայած բոլոր ֆինանսական դժվարություններին «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը միշտ շեշտել է, որ ինչ էլ լինի աստղերի բացումն ամեն տարի կայանալու է, քանի որ ավագ սերնդին հարգանքի տուրք մատուցելը միշտ պետք է լինի կինոփառատոնի առաջնահերթություններից մեկը։
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը բոլորի ուշադրությունը սևեռեց այն փաստի վրա, որ երեք ռեժիսորն էլ նույն սերնդի ներկայացուցիչներ են` ոչ միայն կենսագրական, այլ նաև կինեմատոգրաֆի և հայ կինոյին նոր խոսք բերելու առումով։
Միջոցառման ավարտին ռեժիսորների բարեկամներն ու ընտանիքի անդամները մոտեցան իրենց հարազատներին խորհրդանշող պատվո աստղերին, նկարվեցին, ողջունեցին այս նախաձեռնությունը և ևս մեկ անգամ հարգեցին տաղանդավոր հարազատների հիշատակը։