ԵՐԵՎԱՆ, 6 Հուլիս — Sputnik. Սահմանադրական կայունության, խաղաղության պահպանման և պետականության ամրապնդման առաջին ու գլխավոր երաշխիքը հայոց բանակն է՝ մարտական պատրաստականության բարձր աստիճան ունեցող սպաներով ու զինվորներով:
Այս մասին իր այցելած N զորամասում, շնորհավորելով անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ, ասել է ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար:
Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ժամանակակից մարտ վարելու սկզբունքները, ինչպես նաև այն, որ հակառակորդի սանձարձակ գործողությունները կանխելու միակ գրավականը բանիմաց ու պատրաստված զինուժն է, պաշտպանության նախարարը զորամասի անձնակազմին հորդորել է այսուհետ ևս նույն ոգով ու նորարարական գաղափարներով շարունակել ֆիզիկական ու մարտական պատրաստության ամրապնդմանը, տարաբնույթ վարժանքների միջոցով մարտավարամասնագիտական հմտությունների կատարելագործմանը միտված միջոցառումները:
Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ նրանց սոցիալական և ծառայողական խնդիրները գտնվում են ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: