ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայկական տասնյակ բեռնատարներ մնում են «Վերին Լարս» հսկիչ անցակետում. «Վերին Լարսը» չի կարողանում կառավարել ռուս–վրացական սահմանն անցնել ցանկացողների հոսքը։ Հուլիսի 4–ին սահմանին կուտակվել է մոտ 200 բեռնատար։ Հայաստանի տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը Sputnik Արմենիային ասել էր, որ խնդիրը վրացական սահմանին ներդրվող տոմսեր պատվիրող նոր էլեկտրոնային համակարգի` մաքսային ընթացակարգի անցնելու հետ է կապված։
Նույն օրը Facebook–ի հայկական հատվածում տեսանյութ է տարածվել, որում վարորդները խնդրում են ազատել իրենց «գերությունից»։
Հուլիսի 5–ին հերթական անգամ դեպքի վայր են ժամանել Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, հանդիպել տերմինալի ղեկավարության հետ։ Վրացի պաշտոնյաները հավաստիացրել են, որ հերթերը են գոյացել ոչ միայն հայկական, այլ նաև վրացական տրանսպորտային միջոցների համար։
Իսկ վարորդները պնդում են, որ հայկական մեքենաներին ավելի քիչ են թողնում, քան վրացականին։ Շատերը 1,5-2 օր կանգնած են սահմանին։
«Ձևակերպման վրա շատ ժամանակ է գնում։ Երբեմն, մաքսատան աշխատակիցները փաստաթղթերը վերցնում են և ձևակերպելու փոխարեն իրար հետ են խոսում, ծիծաղում, ասես դու այնտեղ չես», – պատմեց վարորդներից մեկը։
Խնդիրը վերաբերում է ոչ միայն բեռնատար, այլ նաև մարդատար ավտոմեքենաներին։ Սակայն դրանց դեպքում ավելի քիչ են սպասում։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ուղևորատար ընկերություններից մեկի տերը, Լարս հսկիչ–անցումային կետում հերթերը կապված են մարդկանց մեծ հոսքի հետ։ Սահմանն անցնելը տևում է մի քանի ժամ։
Մարդատար ավտոմեքենաներից մեկի վարորդը` Էդգարը, որը հուլիսի 5–ին անցել է վրաց–ռուսական սահմանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց խցանումների առկայությունը։ Նա սահմանին մնացել է 3 ժամ, այն դեպքում, երբ ամեն կերպ փորձել է առաջ անցնել հերթի մեջ։ Էդգարը համոզված է, որ այլապես կկանգներ 12 ժամ։
Հայաստանի տրանսպորտի նախարարությունում մեզ հաղորդեցին, որ սահմանին կուտակումները մի կողմից կապված են զբոսաշրջային սեզոնի, մյուս կողմից` Հայաստանից ծիրան արտահանելու հետ։ Մի երկու շաբաթից իրավիճակը պետք է բարելավվի։
Նախարարության տվյալներով` վրաց-ռուսական սահմանին կուտակվել է 120 հայկական բեռնատար։ Միակ խնդիրը Լարսի թողունակությունն է, ուրիշ խնդիրներ չկան, պնդում են նախարարությունում։
«Բեռնատարների անցնելու կոնկրետ ժամանակ չկա, ամեն ինչ կախված է օրվա ժամից և ավտոմեքենաների քանակից», – ասացին մամուլի ծառայությունում։
Ինչպես նշեցին, սահմանի ռուսական կողմից նկատվում է նույն իրավիճակը։
Հյուսիսային Օսեթիայի և Ալանիայի հարցերով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունում Sputnik Արմենիային հաղորդեցին, որ անցակետն աշխատում է սովորական ռեժիմով։
«Կա բեռնատարների աննշան կուտակում, դրանք մոտ 70 են` տարբեր երկրների պետհամարանիշներով», – հայտնեցին մամուլի ծառայությունից։
Սահմանային վարչությունից նշեցին, որ վերջին օրերին այդ ցուցանիշը շատ չի փոխվել։
Նշենք, որ Հյուսիսօսեթական մաքսատան պետ Սերգեյ Տրոցկին հուլիսի 5–ին լրագրողներին հաղորդել է, որ «Վերին Լարս» հսկիչ–անցումային կետում հերթերի խնդիրը կլուծվի անցակետի վերակառուցման օգնությամբ։
Նրա խոսքով` հիմա անցակետերի ծանրաբեռնվածությունը կապված է երկրից այս սեզոնին դուրս գնալ ցանկացողների մեծ թվի հետ։
«Այսօրվա դրությամբ անձնագրային հսկողությունն անցում է 8-15 հազար մարդ, իսկ անցակետերը նախատեսված են 4 հազար մարդու համար։ Խնդիրը լուծելու համար ստեղծվել է երթևեկության 15–րդ լրացուցիչ գոտի», – մեջբերում է նրա խոսքերը «15–րդ ռեգիոնը»։
Անցակետի վերակառուցմանը դեռ ձեռնամուխ չեն եղել։ Մարդիկ ստիպված են լինում 6-8 ժամ մնալ հերթի մեջ։
«Մենք այստեղ կանգնած ենք մոտ 8 ժամ։ Դեռ մի ժամ էլ հաստատ կմնանք։ Գնում ենք Հայաստան` բարեկամների մոտ։ Հերթում մնալու ընթացքում արդեն հասցրել ենք ամեն ինչ անել` նույնիսկ կռվել նրանց հետ, ովքեր հերթից առաջ են ընկնում», – կայքին պատմել է Սոչիի բնակիչ Վահանը։
Շատ դժվար է կանգնել արևի տակ, հատկապես տարեց մարդկանց և փոքր երեխաների համար։
Հերթերի մեջ սպասող մարդկանց փրկում է հումորի զգացումը։
Ռուսաստանից Հայաստան գնացող Ռոման Փիլոսյանն ափսոսում է, որ երկար է մնալու խցանման մեջ, չէ՞ որ նա «խոստացել է ընտանիքին ցույց տալ արևոտ Դիլիջանը»։
«Իսկ ես նշանածիս տատիկի մոտ եմ գնում», – կես–կատակ, կես–լուրջ պատասխանում է Սաշա անունով աղջիկը։
Առաջին անգամ գնացողներին հիշեցնում են, որ տարվա այս եղանակին իրավիճակը միշտ այսպիսին է։ Նրանց առաջարկում են իրենց հետ վերցնել ուտելիքի և ջրի պաշարներ։ Ավելի կատակասերներն առաջարկում են վերցնել նաև բիոզուգարաններ։