ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը հեռացել է շվեդական «Յուրգորդենից»: Ֆուտբոլիստի ու ակումբի միջև կնքված պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ շվեդական ակումբի գլխավոր մարզիչ Օզկան Մելկեմիչելի` հայ հարձակվողի վերականգնումը բավականին երկար է տևելու:
Մովսիսյանը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի` «Էրեբրուի» հետ խաղի առաջին կեսում:
Յուրա Մովսիսյանը վիրահատությունից հետո հուզիչ գրառում էր արել համացանցում։
Մովսիսյանն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ ու կշարունակի ապաքինվել վնասվածքից:
Ֆուտբոլիստը խաղում էր Հայաստանի հավաքականի կազմում 2010-2015 թվականներին։ Նրան երեք տարի շարունակ ազգային հավաքական չէին հրավիրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ վիճաբանության պատճառով։
Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը 2018 թվականի հունիսի 11-ին հրապարակել է լեգեոներների անունները, որոնք ընկերական խաղերին մասնակցելու հրավերներ են ստացել։ Մովսիսյանը նրանց թվում է։