ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ռուսաստանը կարևորում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների շարունակականության ապահովումը։ Այս մասին այսօր ասել է ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը`ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հյուրընկալվելիս։
Հանդիպման մասին տեղեկանում ենք Արմեն Գրիգորյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։
«Այսօր, ԱԽ գրասենյակում հյուրընկալեցի ՀՀ-ում ՌԴ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում, երկուստեք վերահաստատեցինք հայ-ռուսական հարաբերություններում վստահության բարձր մակարդակի առկայությունն ու այն ոչ միայն պահպանելու, այլև շարունակաբար խորացնելու հանձնառությունը:
Համակարծիք էինք, որ մեր երկու երկրների հարաբերություններում առկա է լրացուցիչ ներուժ և մեր առաքելությունն է տնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար և մշակութային համագործակցության ընդլայնման միջոցով այդ ներուժը հետևողականորեն լրացնելը, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը»,–գրել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարի խոսքով` դեսպան Կոպիրկինը գոհունակությամբ մատնանշել է, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների շարունակականության ապահովումը: