ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևանի որոշ շրջանների բնակիչներ արդեն երեք օր է զրկված են ամենակարևորից` ջրից։ «Վեոլիա ջուր» ընկերությունը «բերանը ջուր առած» երկար ժամանակ խուսափում էր մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
Մինչդեռ երևանցիները զայրացած սպասում են ջրամատակարարման վերականգնմանը, «Վեոլիա ջուրը» հաղորդագրություն տարածեց, որի համաձայն մայրաքաղաքի ևս 5 շրջան 7 ժամ ջուր չեն ունենա։
«Վեոլիա ջուր» ընկերությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արարատյան պոմպակայանում, որի միջոցով էլ իրականացվում է Երևանի ջրամատակարարումը, վթար է տեղի ունեցել։ «Ներկա պահին աշխատանքներ են տարվում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Մենք փորձել ենք բաշխել ջուրը մայրաքաղաքի շրջաններով։ Քաղաքի հարավային հատվածը այժմ տուժում է, սակայն երեկոյան ջրամատակարարումը կվերականգնվի», – ասաց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Մուրադյանը։
Նրա խոսքով` ջրամատակարարման ամբողջական վերականգնման հստակ ժամկետներ նշել հնարավոր չէ, սակայն ընկերությունն անում է հնարավորը, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի ջրամատակարարումը։
Հիշեցնենք, թե որ շրջանների ջրամատակարարումն է դադարեցվել հուլիսի 2-ին ժամը 10:00-17:00–ը։
Ավան, Էրեբունի վարչական շրջանների որոշ թաղամասեր, Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգված, Շենգավիթ համայնքի որոշ թաղամասեր։ Ջուր չեն ունենա նաև Կենտրոն վարչական շրջանի բնակիչները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների և շնորհակալություն հայտնում փոխըմբռնման համար։