ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած գրառումով ուզում է պարզել քաղաքացիների կարծիքը` ճի՞շտ կլինի արդյոք, որ հանգստյան օրերին պոլիկլինիկաներում բժիշկների հերթապահություն սահմանվի։
«Ի՞նչ կարծիքի եք, եթե քաղաքային պոլիկլինիկաներում ոչ աշխատանքային օրերին մեկական բժշկի և բուժքրոջ հերթապահություն սահմանվի»,- գրել է նա։
Թորոսյանն իր գրառմանը կցել է #ԲարձրաձայնՄտքեր հեշթեգը։
Ոմանք համարել են, որ դա շատ լավ միտք է, ճիշտ որոշում։
«Այո, քանի որ դա կթեթևացնի շտապօգնության աշխատանքը, նաև կթեթևացնի հիվանդանոցների բեռը: Նաև կոռուպցիոն ռիսկը կնվազի, հիվանդանոց ամեն դիմողին ստացիոնար չեն ձևակերպի: Համամիտ եմ Ձեզ հետ, ամեն ինչ սկսվում է առաջնային օղակից, ու պետք է շատ ուժեղացնենք այդ հատվածը»,- գրել է օգտատերերից մեկը:
Շատերն էլ վստահեցրել են, որ անիմաստ է, որովհետև այդ օրերին այսպես թե այնպես հերթապահություն կա հիվանդանոցներում։
«Բայց պոլիկլինիկայում հերթապահելու իմաստը ո՞րն է։ Եթե հանգստյան օրերին փակ կլինի քարտադարանը,լաբորատորիան,նեղ մասնագետների կաբինետները,ստիպված`բժիշկը պետք է հիվանդին ուղարկի ստացիոնարում հերթապահող բժշկի մոտ,իսկ երեսուն հազար դրամ ստացող բուժքույրը,կարծում եմ չի համաձայնվի հերթապահել շաբաթ-կիրակի օրերին, մարդկանց պետք են հանգստյան օրեր»,- գրել է մեկ այլ օգտատեր։
Ոմանք նշել են պոլիկլինիկաների թերությունները` դժգոհելով առաջնային օղակի աշխատանքից` երկար հերթեր, ավելորդ թղթաբանություն։