ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայ ժողովուրդն այսօր տոնում է ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կապակցությամբ գրառում է հրապարակել Facebook սոցիալական ցանցում։
«ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները, կազմավորվելով հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց, հետևողականորեն համալրվում են նորագույն սպառազինություններով և տեխնիկայով: Մեր հմուտ և փորձառու օդաչուները, այսօր առավել քան երբևէ, պատրաստ են մեծագույն պատվով և ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- գրել է նա:
Նշենք, որ հայ օդաչուներն իրենց մասնագիտական տոնը նշել են ցուցադրական ելույթով։
Սու-25 հայկական գրոհիչները մի քանի շրջան են կատարել Երևանի երկնքում՝ Հայաստանի դրոշի երանգներով եռագույն հետք թողնելով։