ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անմահ հիշատակի առջև: Իմ զորակցությունն եմ հայտնում և մխիթարանքի խոսք եմ ուղղում նրանց հարազատներին ու մերձավորներին»,- նշված է Բաբլոյանի ուղերձում:
Նրա խոսքով` ճեղքված ռազմաճակատներում մղվող ճակատագրական մարտերում անհայտ կորած մարտիկները դարձան հավաքական սխրանքի խորհրդանիշներ: Հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելիս նրանք գիտակցված կերպով անչափ թանկ գին վճարեցին, բայց փոխարենը սերունդներին ազատ ու պաշտպանված հայրենիք ավանդեցին: Նրանց սխրանքն անմահ է և ապրում է բոլորիս սրտերում:
«Անհետ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն թանկ հիշողությունների ու անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ: Այն նաև Հայաստանի ու Հայկական բանակի հետագա հզորացման համար յուրաքանչյուրիս ունեցած պարտքի մասին հիշելու օր է: Եվ այդ պարտքի անշահախնդիր կատարումն է իրական հարգանքն անհայտ կորած ազատամարտիկների ու հայրենիքի համար նահատակվածների պայծառ հիշատակի հանդեպ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում։
ԱԺ նախագահը նշել է` հավերժ փառք նրանց:
