ԵՐԵՎԱՆ, 28 հունիս — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն չի արել: Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք` համացանցում օրերս հրապարակվեց տեսանյութ, որտեղ ներկայացվում էր քաղաքապետի Տարոն Մարգարյանի ունեցվածքը: Դրանից հետո մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի առջև ակցիաներ իրականացրին, որով պահանջում էին քաղաքապետի հրաժարականը:
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ քաղաքապետն իր հրաժարականը պետք է ներկայացներ ավագանու հունիսի 26–ի նիստում, սակայն քաղաքապետը վատառողջ էր և նիստին ներկա չէր: