ԵՐԵՎԱՆ, 26 Հունիս — Sputnik. Կարեն Կարապետյանի այդ որոշումը նորմալ եմ գնահատում։ Նախկին վարչապետի` ՀՀԿ–ի առաջին տեղակալի պաշտոնը լքելու լուրը հաստատեց և այսպես գնահատեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե ոչ: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- նշեց Շարմազանովը:
Թե ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում ով կփոխարինի Կարապետյանին` կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում։ Կարեն Կարապետյանի այս քայլը Շարմազանովը փախուստ չորակեց։ «Նա` որպես կուսակցության առաջին տեղակալ, գտնում է, որ քաղաքական այս իրավիճակում ինքն այնքան էլ ակտիվ չէ, գտնում է, որ արդար չէ, որ, չլինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, մնալ այդ պաշտոնին»:
Նա հավելեց, որ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀԿ-ն լքելու որոշում այս պահին չկա, նման խոսակցություն չի եղել: