ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Երևանի կենտրոնում կողոպտել են «Գաֆրի» ոսկու սրահը։ Այսօր՝ հունիսի 25-ին, մի տղամարդ մտել է Մոսկովյան 8 հասցեում գործող ոսկու սրահ և աշխատակցից պահանջել ոսկյա մատանի` իբր գնելու համար, այնուհետև փախել է։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։
Որոշ տվյալներով` մատանու գինը մեկուկես միլիոն դրամ է։
Ընթացքում իր վարած Mercedes մակնիշի 35 MV 752 համարանիշի ավտոմեքենայով վնասել է մի քանի ավտոմեքենաներ, դիմել փախուստի, սակայն չի կարողացել հեռանալ, հարվածել է մի քանի ավտոմեքենաների, հետո դուրս է եկել ավտոմեքենայից, նստել տաքսի ու փախել։
Նրա ավտոմեքենայում վարորդական իրավունքի վկայական է հայտնաբերվել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք —Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը: