ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnk. Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին այսօր հաջողվել է կանխել մի երիտասարդի ինքնասպանությունը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։ Խնդրեց` շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին»,- գրել է նա:
Զանգից հաշված րոպեներ անց Էնֆիաջյանը եղել է դեպքի վայրում։
«Փա՛ռք Աստծո, Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը։ Անձամբ երիտասարդի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նրա հուսահատ քայլը պայմանավորված է իրավունքի և արդարադատության խնդիրներով։ Կարողացանք երիտասարդի հետ ընդհանուր հայտարարի գալ, որ նման քայլի նա այլևս չի դիմի»,- նշել է պատգամավորը` ավելացնելով, որ անձամբ է երիտասարդին ուղեկցել տուն։
Պատգամավորը խոստանում է, որ դեպքի մանրամասները լրացուցիչ կտեղեկացնի։
Նրա խոսքով` մեր երկրի քաղաքացիներն իրենց հոգատարությամբ, հետաքրքրասիրությամբ և մարդասիրությամբ տարբերվում են այլ ազգերից։
Էնֆիաջյանն առանձնակի շեշտել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց պարտականությունները փայլուն են կատարել: