ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik. «Հայ դատի» ամերիկյան գրասենյակը պաշտոնական նամակներ է ուղղել Պետդեպարտամենտ, Պենտագոն և ԱՄՆ Կոնգրես` ստուգելու Ադրբեջանին Bell-412 ամերիկյան ուղղաթիռներ մատակարարելու մասին տեղեկությունը։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ հունիսի 26-ին` բանակի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող զինվորական շքերթի ժամանակ առաջին անգամ կցուցադրվեն ամերիկյան արտադրության Bell-412 երկու ուղղաթիռ։ Ուղղաթիռները վերջերս են համալրել Ադրբեջանի ՌՕՈՒ–ի սպառազինությունը։ Սրանք առաջին ուղղաթիռներն են ոչ խորհրդային (ռուսական) արտադրության, որոնք կցուցադրվեն շքերթի ժամանակ։
Բանն այն է, որ ԱՄՆ–ի օրենսդրությունը արգելում է զենք մատակարարել միմյանց հետ հակամարտող երկրներին։ Հայաստանն ու Ադրբեջանը ևս այդ արգելքի տակ են մտնում։
Բացի այդ` արդեն մոտ 25 տարի ԱՄՆ–ում գործում է 907-րդ բանաձևը, որն արգելում է երկրի կառավարությանը որևէ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։
«Չի բացառվում, որ այդ ուղղաթիռներն Ադրբեջանում են հայտնվել երրորդ երկրների միջոցով», – ասաց Սարգսյանը։
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանին այդ ուղղաթիռները կարող էին վաճառել նրա դաշնակիցները` Սաուդյան Արաբիան, Պակիստանը կամ Թուրքիան։ Իսրայելն այս պարագայում բացառվում է, քանի որ նա նման ուղղաթիռներ չունի։
Այս թեմայով Հայաստանի իշխանությունները դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել և ճիշտ են արել, քանի որ դեռ պարզ չէ` արդյո՞ք դա ուղիղ գործարք է եղել ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև, թե մատակարարումն իրականացվել է առանց ամերիկացիների մասնակցության, կարծում է Սարգսյանը։
Քաղաքագետն ընդգծեց, որ Բաքուն այժմ պատրաստվում է ռազմական գործողությունների, ինչի մասին վկայում են սահմանին ռազմատեխնիկայի կուտակումները։ Նա չբացառեց Ադրբեջանի կողմից սադրանքի հավանականությունը, ինչն արդյունքում կարող է հանգեցնել ռազմական գործողությունների, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին։