ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Մայր Աթոռի լուսարարապետությանն այս առնչությամբ թելադրվել է ապահովել Հայր Կորյունի կեցությունը մայրավանքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները:
Նորին Սրբության տնօրինությամբ Ս. Գայանե վանքի վանահայր է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ակցիաներ սկսվեցին։ Ցուցարարները պահանջում էին Գարեգին Բ-ի հրաժարականը։ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանն էր միացել նաև Կորյուն աբեղան։