ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Մանվել Գրիգորյանի բռնապետության տապալումից հետո կրքերն Էջմիածնում չեն դադարում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Երեկ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ որոշ մարդիկ կամ խմբեր հակված են գեներալի ընտանիքի կամ կողմնակիցների հետ վենդետա իրականացնել, որը տարբեր դրսևորումներ է ստանում։ Օրինակ` բռնության սպառնալիքներ են հնչում քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ»,- նշված է հոդվածում։
Ըստ թերթի` երեկոյան լուրեր են հասել, որ նախորդ գիշեր անհայտ անձինք քարեր են նետել գեներալի տան ուղղությամբ, որպեսզի կոտրեն ապակիները։
«Փորձեցինք կապ հաստատել կնոջ՝ Նազիկի հետ, բայց՝ ապարդյուն։ Տիկին Նազիկն ամուսնու ձերբակալությունից հետո զբաղված է ԵԿՄ-ով և նախորդ օրը «կռիսներ» է անվանել այն ԵԿՄ-ականներին, որոնք պաշտոնից ազատվելու դիմումներ են ներկայացրել»,- գրված է թերթում։
«Հրապարակը» տեղեկացնում է նաև, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող բիզնես-օբյեկտներից ոչ մեկը չի աշխատում. բոլորը փակ են: