ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Այսօր ժամը 09:10-ի սահմաններում Mercedes մակնիշի 023 AA 32 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար հատվածը և բախվել բետոնե պարսպին: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 4 ուղևոր, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են հիվանդանոցներ. 4-ը` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Չարենցավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին ասել են, որ վթարի մեղավորը ЗИЛ մակնիշի 34 ՍF 497 համարանիշի ավտոմեքենայի վարորդն է, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել ու Mercedes-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ: Mercedes-ի վարորդն էլ, բախումից խույս տալու համար, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: