ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Համագործակցության աստղ» հեղինակային մրցանակի դափնեկիրներին, ԱՊՀ ականավոր քաղաքացիներին հայտարարել են Աստանայում ԱՊՀ երկրների գիտական և ստեղծագործ մտավորականության ֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։
Այս տարի «Համագործակցության աստղ» մրցանակին են արժանացել կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Հայաստանից, ադրբեջանցի բանասեր, Ադրբեջանի առաջին տիկնոջ քույր Նարգիզ Փաշաևան, բելառուսցի բիատլոնիստ Դարյա Դոմրաչևան, գրականագետ Աբդիլդաժան Աքմաթալիևը Ղրղըզստանից, մոլդովացի ֆիզիկոս Իոն Բոստանը, ռուսաստանցի երաժիշտ Յուրի Բաշմետը, տաջիկ պոետ Նիզոմ Կոսիմն ու ջութակահարուհի Այման Մուսախոջաևան Ղազախստանից։
Մրցանակը կազմում է 2 մլն ռուբլի կամ 10 մլն տենգե (ավելի քան 30 հազար դոլար)։
Հայտնի ղազախստանցի ջութակահարուհի Այման Մուսախոջաևան ասել է, թե ինչի վրա է նա մտադիր ծախսել գումարը։
«Երիտասարդական ազգային սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու նախաձեռնություն կա, որին աջակցել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և մեր երկրի մշակույթի և սպորտի նախարարը։ Այս մրցանակի մի մասը կցանկանայի տրամադրել այդ նվագախմբի ստեղծմանը, նոր գաղափարը կյանքի կոչել, նոր սկիզբ դնել», – ասել է Մուսախոջաևան։
Նրա խոսքով` ավելի վաղ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի խաղաղության և առաջընթացի պետական մրցանակի շնորհիվ Ալմաթիում մզկիթ էր կառուցվել։ Ջութակահարուհին ավելացրել է, որ միջոցները բաժանվել են նաև Կուլյաշ Բայսեիտովայի անվան երաժշտական դպրոցի (որն ավարտել է ջութակահարուհին) ուսուցիչներին։
«Համագործակցության աստղ» մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին։ Տարբեր տարիներ այս մրցանակի դափնեկիր են եղել դերասան Ասանալի Աշիմովը (Ղազախստան), բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը (Ռուսաստան), մաթեմատիկոս Նուսրատ Ռաջաբովը (Տաջիկստան) և ԱՊՀ երկրների գիտության և արվեստի հայտնի այլ գործիչներ։
ԱՊՀ երկրների գիտական և ստեղծագործ մտավորականության ֆորումն Աստանայում անցկացվում է հունիսի 19-20-ը։