ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Ես եղել եմ քաղբանտարկյալ ու այդ մասին դատարանում փաստեր կներկայացնեմ առաջիկայում։ ԱԱԾ մեկուսարանից ազատվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը։ Նա խոսեց նաև իր դեմ հարուցված քրեական գործի և իր ձերբակալության մասին։
«Հայաստանում մի հոգի է պատվեր տալիս, յոթ հոգի չկան»,- Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանի մուտքի մոտ հավաքված լրագրողների հարցերին ի պատասխան արձագանքեց Բաբայանը` հրաժարվելով անուններ հրապարակել։
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործի դրդապատճառին` Բաբայանը նշեց, որ այն եղել է քաղաքական։
«Ինձ ձերբակալությունից հետո ԱԱԾ շենքում ասել են, որ մենք 5 տոկոսի շեմն արդեն անցել ենք, պատրաստվում ենք մեծ միտինգի, ու արդեն պառլամենտում իրենք չեն ունենալու այն մեծամասնությունը, որ ունեին, ինչը լուրջ պրոբլեմ է, դրա համար պիտի ինձ ձերբակալեին»,- ասաց Բաբայանը։
Նա նաև հայտնեց, որ իր հարցին, թե ինչու են իրեն ձերբակալում, երբ ինքն առաջադրված թեկնածու չէ, ընտրական ցուցակում չկա, առաջնորդ չէ, ըստ Բաբայանի, նախկին իշխանությանն ներկայացուցիչներն ասել են. «Պարոն Բաբայան, դուք եք կազմակերպում, դուք եք շտաբը ղեկավարում, դուք եք մեզ խանգարողը, մնացածը չեն խանգարում»։
Բաբայանը նաև հայտնեց, որ այդ մասին իր հետ զրույց է ունեցել ԱԱԾ պետի առաջին տեղակալը, որը զբաղվել է գործողության կազմակերպմամբ ու իրականացմամբ։
«Այն, ինչ իմ նկատմամբ արել են, մարդուն առևանգել է նշանակում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է իր` Արցախ գնալու ու այնտեղ սկիզբ առած հեղափոխական գործընթացները ղեկավարելու մասին լուրերին, Սամվել Բաբայանը չբացառեց, որ առաջիկայում կայցելի Արցախ, եթե, իհարկե, Հայաստանի նորօրյա իշխանությունները որոշեն, որ ինքը պիտի այնտեղ լինի։
Հիշեցնենք` Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թ-ին` հայտնի «Իգլայի» գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Հայաստան բերելու համար։