ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Լոս Անջելեսի դատախազությունը քննարկում է ամերիկացի դերասան Սիլվեսթեր Ստալոնեի մասնակցությամբ սեռական ոտնձգությունների մասին գործը, հաղորդում է Hollywood Reporter-ը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Անցած տարվա դեկտեմբերին TMZ պարբերականը, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնել է, որ մի կին հոլիվուդյան դերասան Սիլվեսթեր Ստալոնեին մեղադրել է 30 տարի առաջ տեղի ունեցած բռնաբարության մեջ և հայց է ներկայացրել Սանտա Մոնիկա քաղաքի դատարան։
Նշվել է, որ ոստիկանությունը հետաքննություն կանցկացնի և այնուհետև գործը կհանձնի դատախազություն` որոշելու համար, թե բավարար են արդյոք ապացույցները քրեական հետապնդում սկսելու համար։
Զոհի խոսքով` դեպքը տեղի է ունեցել 1990-ականների սկզբին։ Ստալոնեն հերքել է մեղադրանքները։