ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` վարչապետը կարևորել է համանախագահների դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում և համոզմունք հայտնել, որ կձևավորվի արդյունավետ համագործակցություն:
Համանախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ վստահեցնելով, որ կներդնեն բոլոր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Հանդիպման մասնակիցները կարևորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վարչապետին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։
Հանրապետության վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել հակամարտության գոտու իրավիճակին:
![Премьер-министр Армении Никол Пашинян принял сопредседателей Минской группы ОБСЕ (13 июня 2018). Еревaн Премьер-министр Армении Никол Пашинян принял сопредседателей Минской группы ОБСЕ (13 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1262/24/12622408_0:0:1670:1033_600x0_80_0_0_d3f9f808ebe7cb30ac61f2e8a4959800.jpg)