ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվա է մեկնելու` ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը ներկա լինելու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ալիևի վարչակազմի աղբյուրին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դա կլինի նրա առաջին այցը Մոսկվա վարչապետի կարգավիճակում։
Խաղերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը տեղի կունենա հունիսի 14-ին` Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Առաջնության եզրափակիչ խաղը նույնպես կանցկացվի «Լուժնիկի» մարզադաշտում հուլիսի 15-ին։