ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Կախարդական փայտիկ կա, և այն սկսել է իր գործը, այսօր ԱԺ ամբիոնից, պատասխանելով պատգամավորների՝ թոշակներն ու նպաստները բարձրացնելու մասին հարցին ու լրացմանը, թե՝ հասկանալի է, որ կառավարությունը կախարդական փայտիկ չունի, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ կախարդական փայտիկ կա, և այն արդեն սկսել է իր գործը, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, վերլուծաբանների 97%-ը համարում է անհնար»,- ասաց Փաշինյանը:
Կախարդական փայտիկը, վարչապետի խոսքով, այսօր էլ գործի մեջ է, և այն իրականացնելու է ոչ միայն հնարավորը, այլև անհնարը:
«Ես համոզված եմ, որ բոլոր ուղղություններով մեր կառավարությունն ունենալու է լրջագույն արդյունքներ, և ՀՀ քաղաքացիները պետք է մի բան արձանագրեն, որ կառավարության գործատուն ՀՀ ժողովուրդն է»,-ասաց նա:
Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարության անդամներն այսօր ՀՀ քաղաքացուն համարում են իրենց ղեկավարը, «շեֆը», որին անմնացորդ ծառայելու են: