ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Արմեն Ջիգարխանյանին փոխարինող փնտրել պետք չէ։ Այս կարծիքն է հայտնել Ջիգարխանյանի թատրոնի աշխատակազմի ղեկավար Վյաչեսլավ Դյաչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ջիգարխանյանն իրեն փոխարինող է գտել։ Ավելին` հաղորդվում էր, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նա նշանակել է դերասան, ռեժիսոր Սերգեյ Գազարովին։
Դյարչենկոն գաղափար չունի, թե ով է նման լուրեր տարածում, որովհետև թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը նման որոշում չի կայացրել։
«Եթե նա նման որոշում ընդուներ, այդ ինֆորմացիան տեղադրված կլիներ թատրոնի կայքում»,–ասել է Դյաչենկոն։
Թատրոնի աշխատակազմի ղեկավարը հավելել է, որ թատրոնն ունի Ջիգարխանյանի կողմից հաստատված ծրագիր և շարունակում է աշխատել այդ ծրագրով։
Հիշեցնենք, որ դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ստացիոնար բուժում է ստանում։