ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Քննիչները երեկ` մայիսի 31-ին, խուզարկություններ են կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրանին) պատկանող երկու ընկերությունում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Խուզարկությունները կատարվել են ապրիլի 21-ին Կ. Ուլնեցու փողոցում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Խուզարկությունները կատարվել է «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենայի հայտնաբերման նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը թերթին ասել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում՝ այն «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենայի հայտնաբերելու ուղղությամբ,որոնց մեջ գտնվել են քաղաքացիների ավտոմեքենաներին մահակներով հարվածող անձինք։
Քննությամբ պարզվել է ավտոմեքենաներից մեկի համարանիշը և օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ՝ ավտոմեքենան հայտնաբերելու համար։
Այս գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Միհրան Պողոսյանի օգնականը՝ Անդրանիկ Իսոյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) նախատեսված հանցանքը կատարելու համար:

