ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Դիզայներների պրոֆեսիոնալ խումբը մոտ մեկ տարի աշխատում էր խաղալիքի ստեղծման վրա։ Այն Հայաստանի հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղալիք տարբերակն է։
Դիզայներներն աշխատել են յուրաքանչյուր դետալի վրա, գաղափարի հեղինակները նույնիսկ համագործակցել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` լիարժեք կերպար ստանալու համար։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց «Մանկան» մանկական խանութի տնօրեն Վարուժան Գյուրջյանը։
«Մանկան» խանութներում հունիսի 1-ից վաճառվում է «Micki toy» խաղալիքը։ Վաճառքի մեկնարկը համընկավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ։ Սակայն ինչպես պատմեց Վարուժանը, դա հատուկ չէր մտածված։ Բայց, քանի որ ամեն ինչ պատրաստ էր, հունիսի 1-ին գաղափարի հեղինակները որոշեցին Micki toy–ը ներկայացնել։
Համատեղ ջանքերով թիմը հետաքրքիր, և կարելի է ասել, անկրկնելի խաղալիք ստեղծեց, այն ներկայացնում է Հենրիխի կրկնօրինակը, ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
«Խաղալիքը միայն տղաներին չէ, որ տպավորել է, աղջիկները ևս ուզում են այն ունենալ։ Մեծահասակները` նույնպես։ Ասեմ ձեզ, որ աղջիկների նախասիրություններն այսօր տղաների նախասիրություններին չեն զիջում։ Նրանք նույնպես ավտոմեքենաներ, ինքնաձիգեր են ուզում, այն ամենը, ինչ սիրում են տղաները», – ասաց մանկական խանութի տնօրենը։
Խաղալիքն ինտերակտիվ է, եթե ձեռքը սեղմում ես, այն խոսում է։ Micki toy–ը կարող է հաղորդակցվել ձեզ հետ և՛անգլերեն, և հայերեն, ինչպես նաև նա երգում է։
Հենրիխին ուրախացրել է խաղալիքի վերջնական տարբերակը, նա ոգևորված էր առաջիկա շնորհանդեսով։ Չէ՞ որ վերջին խոսքը նա պետք է ասեր, ավելացրեց Գյուրջյանը։
«Ամենադժվարը սկիզբն է։ Ամեն ինչ կախված է պահանջարկից։ Եթե պահանջարկը մեծ լինի, գուցե, Micki toy–ը սկսենք նաև մյուս երկրներ մատակարարել։ Գուցե պատվեր լինի «Արսենալ» ամբողջ թիմի խաղալիքները ստեղծել», – նշեց մանկական խաղալիքների ոլորտի ներկայացուցիչը։
Առաջնահերթ խնդիրը, Գյուրջյանի խոսքով, բոլոր երեխաների համար հաճելի խաղալիք ստեղծելն էր։ Չէ՞ որ արտադրողը նախևառաջ երազում է, որ երեխաները ցանկանան ունենալ այդ խաղալիքն ու խաղան նրա հետ, նույնիսկ չիմանալով, որ այն ֆուտբոլի աստղ է։
«Ամենակարևորը, որը այն լիարժեք արտահայտի Հենրիխի էմոցիաները։ Խաղալիքի դեմքի վրա պրոֆեսիոնալ ճարտարապետ–դիզայներ է աշխատել։ Մյուս մասնագետները աշխատել են հագուստի վրա և այլն», – ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Հենրիխ Մխիթարյանն այսօր Facebook–ի իր պաշտոնական էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել։ Տեսահոլովակում հայտնի ֆուտբոլիստը պատմում է խաղալիքի մասին։
«Բարև, իմ սիրելի բարեկամ, ձեզ եմ ներկայացնում իմ կրկնօրինակին` փոքրիկ Հենրիխ Մխիթարյանին։ Քանի որ ցանկությունս շատ մեծ է յուրաքանչյուրիդ հետ շփվելու, իսկ հնարավորություններս` սահմանափակ։ Այդ իսկ պատճառով, ձեզ եմ ներկայացնում իմ այս մինի–կերպարին։ Նա պատրաստ է լսել քեզ և, ամենակարևորը, խաղալ քեզ հետ։ Նա նաև խոսում է և երգում իմ ձայնով։ Հուսով եմ, նա քեզ դուր կգա և կդառնա քո ամենահավատարիմ ընկերը», – ասում է ֆուտբոլիստը։
Մխիթարյանի կերպարով խաղալիքի ստեղծման և վաճառքի մասին լուրն ուրախացրել է ֆուտբոլիստի ոչ միայն հայ, այլև արտասահմանյան երկրպագուներին։ Միկին հազար լայք է ստացել, գրառման տակ նաև մեկնաբանություններ են արել։ Օտարերկրյա օգտատերերը գրել են, որ շատ են ցանկանում ձեռք բերել խաղալիքը։