ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոստանում է օգնել բոլոր այն ոստիկաններին, որոնց ինչ-որ մեկը կփորձի նեղել։ Այս մասին այսօր Օսիպյանն ասել է ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ հանդիպմանը:
«Անկախ պաշտոնից, օլիգարխ լինելուց, ով ուզում է լինի։ Եթե որևէ մեկը նեղում է, զանգեք, կգամ ձեր կողքին կկանգնեմ։ Դուք եք օրենքը, բայց դա պիտի լինի կոռեկտության, օրենքի սահմաններում»,– ասել է Օսիպյանը` անդրադառնալով կոռուպցիայի ցանկացած դրսևորում բացառելու և օրենքի գերակայություն հաստատելու անհրաժեշտությանը:
Ոստիկանության պետը խոսել է նաև ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին։
«Ձեզ հնարավորություն է տրված բարձրացնելու ձեր հեղինակությունը։ Այո, դուք հասարակությանն ապացուցելու խնդիր ունեք, ձեզանով է պայմանավորված հարգանքը դեպի ոստիկանությունը»,– ասել է նա։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, որը, դիմելով ճանապարհային ոստիկաններին, կարևորել է ծառայողական պարապմունքների պատշաճ անցկացման, ճանապարհային ոստիկանության հետաքննչական, հաշվառման-քննական և այլ ստորաբաժանումներում ծառայության որակի բարձրացման անհրաժեշտությունը։