ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Արագածոտնի մարզում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց են տեղափոխել երեք մարդու։ Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 27-ին, ժամը 22։30-ի սահմանում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչներ են՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանը, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանը և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։
Պարզվել է, որ նրանցից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից մեկին այնուհետև տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի հոգի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կարբի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արգամ Պողոսյանն է։ Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 7 կրակված պարկուճ, իսկ հիվանդանոցից էլ քննչական խմբին հայտնել են, որ վիրավորների մարմնի միջից հանել են հրազենից արձակված կրակված գնդակներ։