ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ահազանգել է Երևանի Չարենցի փողոցում գտնվող` Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հարակից տարածքի վաճառքի մասին:
«Սա իմ դպրոցն է, հանրային տարածք, փոխանակ բարեկարգեն, վաճառում են: Տվել են մասնավորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոնյանը:
Դպրոցին կից ժամանակին բարեկարգ կանաչապատ տարածքն իսկապես վաճառվում է: Այնտեղ արդեն այդ մասին ազդարարող ցուցանակ է տեղադրվել: Թե ով է տարածքը վաճառողը դպրոցում չգիտեն:
Դպրոցի տնօրինությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ թեև Չարենցի փողոցից մինչև դպրոց բարձրացող աստիճանավանդակը դպրոցին չի պատկանում, բայց այն մշտապես բարեկարգվել ու մաքրվել է բացառապես դպրոցի կոլեկտիվի ու դպրոցականների ձեռքերով` շաբաթօրյակների ժամանակ:
«Դպրոցի տարածքն ավարտվում է բակի դարպասներով, դրանից դուրս գտնվող տարածքը մերը չէ»,- մեզ հետ զրույցում նշեց դպրոցի փոխտնօրենը:
Թե ով է տարածքը վաճառողը և ինչ նպատակ է հետապնդում, դպրոցում տեղյակ չեն: Բայց կարևորում են, որ տարածքը մնա բարեկարգ կանաչ գոտի, անվտանգ`երեխաների համար:
Դպրոցից նաև հայտնեցին, որ ժամանակին դպրոցի բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը տարածքը բարեկարգելու առաջարկով դիմել է քաղաքային իշխանություններին, բայց մերժում է ստացել` պատճառաբանությամբ, թե տարածքն արդեն մասնավորեցված է և այլ տեր ունի:
Ի դեպ, դպրոցամերձ տարածքի վաճառքի հայտարարությունը ոչ միայն փողոցում, այլև անշարժ գույքի վաճառքով զբաղվող grav.am կայքում է տեղադրված:
«Չարենց փողոց 25/1 հասցեում գտնվող 0.09633 հա մակերեսով հողատարածք: Տարածքում նախատեղված է կառուցել առևտրի կենտրոն` ստորգետնյա ավտոկայանով, կա պատրաստի նախագիծ»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշված հեռախոսահամարով մեր զանգին ի պատասխան հայտնեցին, որ տարածքի արժեքը 350 000 ԱՄՆ դոլար է: Հարցին, թե արդյո՞ք գնորդը պարտավոր է իրականացնել հենց այդ նախագիծը, գործակալությունից այսպես պատասխանեցին.
«Այդ պայմանը ես չեմ կարող ասել: Այդ պայմանը հենց վաճառողի հետ է պետք ճշտել»: Իսկ հարցին թե ո՞վ է վաճառողը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս գույքի հետ կապված հայտը մեզ ներկայացրել է «Ամերիաբանկ» ընկերությունը»:
Նշենք նաև, որ դպրոցի հարակից տարածքում ստորգետնյա առևտրի կենտրոնի և կայանատեղիի գաղափարն ու նախագծային առաջարկը տարիներ առաջ ներկայացրել է «Հայնախագիծ» ԲԲԸ գլխավոր ճարտարապետ, արվեստանոցի վարիչ Մհեր Չերքեզյանը: