ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ճանապարհային ոստիկանության ծառայողները նախազգուշացնում են «Վերջին զանգի» օրը ավտոմեքենաները չվստահել անչափահասներին և ղեկին նստել միայն սթափ վիճակում։
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները «Վերջին զանգի» տոնակատարություններին ընդառաջ հանդիպումներ են ունեցել հանրապետության ավագ դպրոցների տնօրենների հետ:
Հանդիպումների ընթացքում ճանապարհային ոստիկանները ծանոթացրել են վերջին զանգի օրն անցկացվելիք միջոցառումների ծրագրերին, քննարկել դրանց ընթացքում հասարակական կարգի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հորդորել են ևս մեկ անգամ զգուշացնել աշակերտներին ու ծնողներին, որպեսզի մեքենաները վարեն միայն սթափ վիճակում, անչափահասները ղեկին չնստեն, երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն: Հանդիպումների ընթացքում խոսվել է նաև աշակերտների անվտանգությանը վերաբերող այլ հարցերի մասին:
«Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն:
«Սիրելի շրջանավարտներ, ծնողներ և ուսուցիչներ, միասին անենք հնարավորը անցանկալի հետևանքներից խուսափելու համար, լինենք զգոն, չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր երեխաների ամենահիշարժան օրերից մեկը տոն մնա բոլորիս համար»,–ասված է հաղորդագրության մեջ: