ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ հայտնեց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:
«Ես որոշում եմ կայացրել և դիմել եմ ՀՀ նախագահին` ԳՇ Մովսես Հակոբյանին պաշտոնից ազատելու համար» —ասաց Փաշինյանը:
Թե ինչն է պաշտոնանկության պատճառը վարչապետը չնշեց, բայց ասաց, որ մինչև օրվա վերջ այդ պաշտոնում նոր նշանակում կարվի:
Մովսես Հակոբյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերին:Մովսես Հրանտի Հակոբյանի կենսագրությունը
Ծնվել է 1965թ. փետրվարի 4-ին Արցախի Ճարտար գյուղում: 1992-1999թթ. տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ: 1999թ. սեպտեմբերին նշանակվել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, 2000թ. փետրվարին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ:
2001թ. օգոստոսից 2002թ. հունիսը սովորել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ակադեմիայում: 2002թ. հունիսին ստանձնել է ՀՀ ՊՆ խորհրդականի, 2003թ. հուլիսին` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պաշտոնները:
2007թ. մայիսին նշանակվել է ՊԲ հրամանատար: 2015թ. հունիսին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: 2016թ. մայիսի 20-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ — ՆՏԱ դեպարտամենտի պետ, պաշտոնը զբաղեցրել է մինչև 2016թ. հոկտեմբեր:
2000թ. մարտի 14-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2007թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Պարգևատրվել է.
Աֆղանստանում մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով և «Զինվոր ինտերնացիոնալիստին` երախտապարտ աֆղան ժողովրդից» մեդալով:
Արցախում մարտական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և այլ պետական ու գերատեսչական շքանշաններով և մեդալներով: Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար 2002թ. սեպտեմբերի 2-ին Մովսես Հրանտի Հակոբյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: