ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է միջամտի Երևանի քաղաքապետարանի գործերին։ Այս մասին լրագրողներին ասաց փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է խախտումներով։
Դրան ի պատասխան Շարմազանովը նշեց, որ վարչապետը խոստացել է չմիջամտել այն գործերին, որոնք չեն վերաբերում գործադիր իշխանությանը։
«Տարոն Մարգարյանը բավականին հաջող քաղաքապետ է, և ես պատիվ եմ ունեցել երկու անգամ գլխավորելու նրա նախընտրական շտաբը: Համենայնդեպս, մեր օրակարգում ես հրաժարականի հարց չեմ լսել: Ինձ համար առնվազն անակնկալ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ից ասում է, որ դատական համակարգին չի միջամտելու, բայց միջամտում է օրենսդիրի կամ ՏԻՄ-ի աշխատանքներին: Ինչքան դատական համակարգին միջամտելու իրավունք չունի, այնքան էլ ՏԻՄ-երին միջամտելու իրավունք չունի»,- ասաց Շարմազանովը։
Նա ավելացրեց, որ դա վերաբերում է նաև մյուս քաղաքապետներին։