ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. «Սասնա ծռերի» աջակիցները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան և պահանջում են, որ դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարի «Սասնա ծռերի» փաստաբանների միջնորդությունը՝ նրանց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Ցուցարարները պահանջում են մինչև 16.00-ն որոշում կայացնել, այլապես կփակեն նաև «Փեթակի» խաչմերուկը:
Այսօր «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ Պավլիկ Մանուկյանը բոլորին կոչ էր արել դուրս գալ փողոց, փակել փողոցները և ճնշում գործադրել, որպեսզի դատական արդար որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։
Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին։