ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Գյումրի քաղաքի մի բնակչուհի դիմել է Շիրակի մարզի դատախազին ու հայտնել, որ Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում տնօրենը չարաշահումներ և յուրացումներ է կատարել։
ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ կատարված ուսումնասիրությունները հաստատել են քաղաքացու դիմումում նշված փաստերը։
Պարզվել է, որ նա 2014-2018 թվականների ուսումնական տարիների դպրոցի կարիքների համար մրցույթում հաղթող ճանաչված 2 անհատ ձեռնարկատերերի հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է ընդհանուր շուրջ 15.481.173 ՀՀ դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր, որոնց համաձայն մատակարարները պետք է սննդի ծանրոցներ մատակարարեին դպրոց:
Սակայն դպրոցի տնօրենը պայմանավորվել է տնտեսվարողների հետ, կազմել է կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում 697-780 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել է 150-200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ: Մնացած գումարը հափշտակվել է:
Փաստի առթիվ հարուցվել է հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությանը: