ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Երկու առաջնորդները Սոչի են ժամանել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», վարչապետ Փաշինյանը նշեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները:
Նախագահ Դոդոնը շնորհավորեց Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ:
«Մոլդովայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ակնկալում եմ, որ հետագայում ևս մեր փոխշահավետ հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու երկրների»,- ընդգծեց Իգոր Դոդոնը:
ՀՀ վարչապետի աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: