ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Կառավարության նախկին անդամներն այսօր այցելել են նախկին աշխատավայր, հրաժեշտ տվել իրենց արդեն նախկին ենթականերին։
Ինչպես հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախկին նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է աշխատակազմի հետ, շնորհակալություն հայտնել ամբողջ 1.5 տարվա արդյունավետ աշխատանքի համար, մաղթել հաջողություններ։
Առաքելյանն ընդգծել է, որ նախարարության աշխատակազմն իր ողջ եռանդն ու ջանքերը ներդրել է գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման համար՝ հույս հայտնելով, որ դրանք կլինեն շարունակական։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում էլ Սուրեն Կարայանն է հրաժեշտ տվել նախկին աշխատակիցներին:
Ինչպես հայտնում է այս գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Կարայանը շնորհակալություն է հայտնել գերատեսչության աշխատակիցներին` նշելով, որ նախարարության առջև դրված բոլոր թիրախները գերակատարվել են և գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ:
«Այստեղ աշխատում են բարձր պրոֆեսիոնալ ունակություններով մասնագետներ: Ցանկանում եմ, որ առաջիկայում ևս շարունակեք նույն եռանդով աշխատել մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է Կարայանը:
Նախարարները շնորհակալություն են հայտնել նախկին աշխատակիցներին և փոխադարձաբար լսել նրանց շնորհակալությունները` կառավարման նոր մշակույթ ներդնելու և առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար։