ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրն ընկել է և կոտրել ձեռքը: Այս մասին հայտնում է bfmtv հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալով` 93 տարեկան արտիստն ընկել է Մուրյեսում գտնվող իր տանը։ Բժիշկների հետազոտությունից հետո պարզվել է նաև, որ ճաքել է նրա ուսոսկրը։ Մասնագետները հայտնել են, որ երգչի կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ ապրիլի 25-ին Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ընթացող փորձի ժամանակ, և նրան հիվանդանոց էին տեղափոխել։
Բժիշկները հետազոտել էին նրան և ասել, որ պատճառը մկանային ջղաձգումն է եղել, սարսափելի ոչինչ չկա:
Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը տեղափոխվել է և կկայանա հաջորդ տարվա ապրիլի 9-ին։
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։
Մայիսի 22-ին նա կդառնա 94 տարեկան։