ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Յուրա Մովսիսյանն ընդամենը Հայաստանի բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
«Թող գա, խաղա»,- ասաց նա` նշելով, որ ընդհանրապես չի հետաքրքրվում` ովքեր են հավաքական հրավիրվում։
Հայրապետյանը նշեց, որ իր անձնական կարծիքով մի քանի ֆուտբոլիստ ընդհանրապես պետք է չլինեին այդ ցանկում։
«Ամեն մարդ իր անձնական կարծիքն ունի։ Վստահ եմ, որ շատերը մարզչի այդ կազմի հետ համաձայն չեն։ Օրինակ` ես կարծում եմ` Ռուբեն Հովհաննիսյանը պետք է լիներ հավաքականի կազմում, բայց դա որոշում է մարզիչը»,- ասաց նա։
ՀՖՖ նախագահը նշեց, որ հավաքականի գլխավոր մարզչի առաջ խնդիր է դրել` պետք է անել այն, ինչ ուզում ենք ազգովի։
«Նա քարտ բլանշ է ստացել` ում հրավիրի հավաքական»,- ասաց Հայրապետյանը։
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը ժամանակին ասել էր, որ Յուրա Մովսիսյանը ոչ կարգապահ ֆուտբոլիստ է։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:
Այդ ցանկում է նաև Յուրա Մովսիսյանի անունը, որն այժմ խաղում է շվեդական «Յուրգորդենում»։