ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարությամբ առաջին կառավարության նիստն անցկացնելու համար ոտքով քայլել է դեպի կառավարության շենք։ Նիստից առաջ նա նկարահանել ու ցուցադրել է նախկին վարչապետի աշխատասենյակը։ Փաշինյանը ցուցադրել ու պատմել է, որ աշխատասենյակներից բացի վարչապետին հատկացված հարկաբաժնում կա նաև ննջարան` մահճակալով ու զգեստապահարանով կահավորված։ Իսկ աշխատասենյակի պատերը զարդարում են Մարտիրոս Սարյանի վրձնած գեղարվեստական գործերը։
Միջանցքներում դրված են չհրկիզվող պահարաններ։ Դե, իսկ սառնարանի դուռը բացերով` Փաշինյանն այնտեղ հայտնաբերել է պաղպաղակ և հյութեր, բայց ասել, որ դրանցից հրաժարվում է։ «Հազիս պատճառով ես հիմա սառը խմիչքներ ու պաղպաղակ չեմ օգտագործում»,– նշել է նա։
Թե ով է Կարեն Կարապետյանից հետո զբաղեցնելու այս աշխատասենյակը, առայժմ հայտնի չէ։
Կառավարության նոր կառուցվածքից հետո դեռ պետք է որոշել` ով է այստեղ աշխատելու` վարչապե՞տը, թե՞ փոխվարչապետներից մեկը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ մինչ կառավարություն գալը առավոտյան այցելել է ոստիկանություն ու ԱԱԾ` անձնակազմին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին։
Նա նաև ասել է, որ տեղյակ է այդ նշանակումների մասին սոցիալական կայքերում ու հանրության շրջանում առկա մտահոգություններից ու խոստացել է ավելի ուշ մեկնաբանել իր որոշումները։
Իսկ մինչ կառավարության նիստը, Փաշինյանը հեռախոսազրույց է ունենալու Վրաստանի վարչապետի հետ։