ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայիս նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Փաշինյանի քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակության վստահության բարձր մակարդակն ու աջակցությունը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության զարգացմանն ու ամրապնդմանը։
Սարգսյանի խոսքով` Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կարևոր և ակտիվ անդամ է, որի զարգացումից է կախված նաև ողջ ԵԱՏՄ-ի հաջողակ և մրցունակ լինելը։
«Համոզված եմ` այն լուման, որը ներդնում է Հայաստանը մեր Միության զարգացման և ամրապնդման մեջ, միայն աճելու է։ Առիթից օգտվելով, հարգելի պարոն Փաշինյան, ուզում եմ շնորհավորել Ձեզ Հաղթանակի օրվա կապակցությամբ` տոն, որը համախմբում է մեր ինտեգրացիոն միավորման բոլոր ժողովուրդներին ու պետությունները», — նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր 59 կողմ ձայնով ՀՀ վարչապետ ընտրվեց։ Երկրի նախագահ Արմեն Սարգսյանն արդեն նրան նշանակել է կառավարության ղեկավարի պաշտոնում։