ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի– Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան Սերգեյ Դադամյանցին նվիրված հատուկ ռեպորտաժ է հեռարձակել Եկատերինբուրգի մարզային հեռուստատեսությունը։
Սյուժեն սկսվում է վետերանի մարմնամարզությամբ։ Չէ՞ որ, ինչպես նշում է Դադամյանցը, առանց ֆիզիկական ակտիվության այդքան երկար հնարավոր չէ ապրել։ Առավոտյան մարզանք անելը բանակային սովորություն է։
97-ամյա վետերանը Կարմիր բանակ էր զորակոչվել 1940 թվականին։ Նա Լենինականում էր ծառայում` պատերազմի առաջին տարիներին պաշտպանելով հայ-թուրքական սահմանը Գերմանիայի ներխուժումից։
«Սերգեյ Դադամյանցն առաջինն էր, ով մարտում նոր գնդացիրներ և հակաօդային պաշտպանության համալիրներ էր օգտագործում», – պատմում են սյուժեի հեղինակները։
Դադամյանցն իր կյանքը բանակին նվիրեց. 1966 թվականին նա գլխավորեց լեգենդար դիվիզիոնը, որը վեց տարի առաջ խոցեց ամերիկացի հետախույզ Ֆրենսիս Գերի Պաուերսի ինքնաթիռը միջին Ուրալի տարածքում։
«Պատերազմը միլիոնավոր մարդկանց ճակատագրեր կոտրեց։ Լավագույնները զոհվեցին։ Անկեղծ ասեմ, իմ բախտը բերեց…», – նշել է վետերանը։
Ռեպորտաժում հայ վետերանը նաև պատմում է իր սիրելի կնոջ մասին, ում հետ ծանոթացել է Նովոսոկոլնիկի քաղաքում։
«События» հաղորդումը հատուկ ռեպորտաժների շարք է սկսել նրանց մասին, ովքեր Հաղթանակ էին կերտում Համաշխարհային Երկրորդ պատերազմի տարիներին։