ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. «Իմ քայլը շարժման առաջնորդ» Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ARMOBIL ընկերության աշխատակից Խաչիկ Գալստյանի և ՀՀ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի հրաժեշտի արարողությանը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Երեկ Նոր Հաճնում մասնակցեցի HSBC բանկի վրա նախօրեին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհված՝ ARMOBIL ընկերության աշխատակից Խաչիկ Գալստյանի հոգեհանգստի արարողությանը։ Այսօր՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մասնակցեցի նույն միջադեպի ընթացքում զոհված ՀՀ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի վերջին հրաժեշտի արարողությանը»,- գրել է նա։
Փաշինյանը զորակցություն է հայտնում այդ քաջարի մարդկանց ընտանիքների անդամներին, հարազատներին, ընկերներին։
Հիշենենք, որ մայիսի 3-ին Երևանում Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը` զինված դանակով, նռնակով և զենքով, հարձակվել էր HSBC բանկի մասնաճյուղի վրա։
Հարձակման հետևանքով մահացել էին բանկի անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանը և ոստիկան Արա Շախգուլյանը, որոնք փորձել էին վնասազերծել հանցագործին։ Armobil անվտանգության ծառայության ևս մեկ աշխատակից վիրավորվել էր։