ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Շիրակի համալսարանի դիմաց բողոքող դասախոսներն ու ուսանողները վճռական են տրամադրված։ Նրանք որոշել են մտնել բուհ և իրենց միանալու կոչով դիմել ներսում գտնվող ուսանողներին ու դասախոսներին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է` Շիրակի համալսարանի դիմաց հավաքված ուսանողներն ու դասախոսները պահանջում են բուհի ռեկտորի հրաժարականը։
Համալսարանից հեռացված դասախոս Հովհաննես Խորիկյանը նշեց` իրենք ժամանակ էին տվել, որ ռեկտորը մինչև ժամը երկուսը հրաժարականի մասին հայտարարությամբ ներկայանա, բայց քանի որ նա որևէ հայտարարություն չարեց, ապա իրենք որոշել են մտնել բուհ։
Բանակցությունների արդյունքում բուհի ուսանողները և նախկին դասախոսները մտան բուհ, սակայն ի զարմանս բոլորի` ոչ մի լսարանում ուսանող չկար, թեև այսօր աշխատանքային օր է։ Բուհից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը ցանկացավ հանդիպել ռեկտորի հետ` հստակեցնելու համար նրա հետագա քայլերը, սակայն տեղեկանալով, որ ռեկտորը տեղում չէ, ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց հայտարարեցին` հանդիպում պահանջելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հետ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա Գյումրի կժամանի երկուշաբթի` մայիսի 7-ին։
Բողոքողները ցրվեցին և որոշեցին հավաքվել այդ օրը։