ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Շենգավիթում իրականացված դաժան սպանության մեջ կասկածվող Ռազմիկ Հովհաննիսյանը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին, սակայն ոստիկանների և քննիչների գործողությունների արդյունքում նա հասկացել է, որ չի կարողանում մոլորեցնել իրավապահներին։ Նա կատարվածի մասին բացատրություն է տվել։ Այս մասին հայտնում է shamchyan.com-ը։
Շենեգավիթ վարչական տարածքում առանձնակի դաժանությամբ սպանության փաստով հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Դավիթ Սարգսյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, սակայն Երևան քաղաքի Սիսակյան թաղամասում բնակվող 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով։
Նրան մայիսի 4-ին, գիշերը ժամը 05։30-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել էին ոստիկանները՝ ստացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելու արդյունքում։
Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը ձերբակալվել է մայիսի 4-ին 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու կասկածանքով։ Նա քննչական մարմնին հայտնել էր, որ ինքը դերասան է և նկարահանվել է մի քանի սերիալներում։
Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք էին բերել տեսանյութ, որը ֆիքսել էր տեսախցիկը, թե ինչպես էր տեղի ունեցել սպանությունը։