ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակում գործած, 2 մարդու վիրավորած ու մեկին սպանած տղամարդը ոստիկանության աշխատակից է։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը` դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն: