ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի, Sputnik. Ազգային Ժողովում ընթացող ՀՀԿ խմբակցության փակ նիստին մասնակցել է նաև կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նիստի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, ավարտից հետո լրագրողներին տեղեկատվություն կտրամադրվի:
Պատգամավորները քննարկում են ստեղծված ներքաղաքական վիճակից դուրս գալու ուղիները:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45-ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Այսօր առավոտից Երևանում և Հայաստանի քաղաքներից շատերում վերսկսվել են բողոքի ակցիաները։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետ չընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչ արեց քաղաքացիներին: Այսօր` մայիսի 2-ի առավոտից Հանրապետության բազմաթիվ ավտոճանապարհները փակ էին: Փողոցներում ընթանում են բողոքի ակցիաներ։