ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին չխոչընդոտել օդանավակայանի աշխատանքը։
«Կոչ եմ անում ժամը 14.00-ին վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը», — գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն առավոտից փակում են փողոցները։ Նրանք փակում են թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական ճանապարհները։ Փակ է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող ճանապարհը։
Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։