ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Աշխարհահռչակ լողորդ, հայտնի ու սիրված հայ լեգենդ Շավարշ Կարապետյանը ժամանել է Երևան և միացել շարժմանը` սատարել հայաստանցի ժողովրդին։ Քիչ առաջ նա նաև ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակի հարթակից` ասելով, որ Ռուսաստանի ամբողջ հայությունը այս օրերին Հայաստանի քաղաքացիների կողքին են ու սատարում են նրանց։
«Ռուսաստանում ապրող 2,5 միլիոն հայությունը ձեզ հետ է։ Ապրում է ձեզնով, շնչում է, և հավատացեք սերը սպանել չի լինի… Ռուսաստանի երիտասարդները ինձ որպես դեսպան են ուղարկել, որպեսզի ասեմ` բոլոր երիտասարդները, ուսանողները, աշխատող ժողովուրդը ձեր կողքին են, միասին են»,- ասել է լողորդը։
Շավարշ Կարապետյանը հուզված էր, այդուհանդերձ հաղթահարելով արցունքները` նա հույս հայտնեց, որ այս ճանապարհով հնարավոր կլինի ստեղծել «գեղեցիկ Հայաստան»։
«Թող պապանձվի այն մարդու լեզուն, որը կասի, թե այստեղ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը ձեր սրտում է, ձեր սերն է, ձեր վերաբերմունքը և մեծ հրապարակը, որը լցված է հայ ժողովրդով… Այս ամենը նրա համար էր, որ մենք ավելի սիրենք միմյանց, ապրենք մեկս մյուսի համար և ստեղծենք գեղեցիկ Հայաստան»,- հավելեց լեգենդը։
Ի դեպ, ելույթի ժամանակ նա նշեց, որ Երևան է ժամանել ընտանիքի հետ։
Նշենք, որ Շավարշ Կարապետյանը սուզալողորդ է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։
1976 թվականի սեպտեմբերի 16-ին նա փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով սուզվող տրոլեյբուսը, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնելու խեղդվող մարդկանց։ Նրա կողքին էր եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։
Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը հետագայում բարդացավ։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության, և նա հրաժեշտ տվեց սպորտին։